
Հնդկաստանը կարող է դառնալ Հայաստանի գլխավոր զենքի մատակարարը. DNA India
Հնդկաստանը շուտով կմատակարարի «Ակաշ-1Ս» մակերևույթ-օդ հրթիռային համակարգերը Հայաստանին՝ 2022 թվականին ստորագրված պայմանագրի շրջանակում. գրում է DNA India-ն։ Ըստ աղբյուրի՝ սա Նյու Դելիի կողմից ռազմավարական դաշինք խորացնելու փորձ է Կովկասում, որտեղ երկիրը նախկինում ազդեցություն չի ունեցել։
Թեև «Ակաշը» Հայաստանի կողմից Հնդկաստանից գնված առաջին զենքը չէ, այն խորհրդանշական նշանակություն ունի։ Պարբերականի տվյալների համաձայն՝ Հայաստանին առաջարկվել է զենքի լայն տեսականի՝ հաուբիցներից և հակատանկային հրթիռներից մինչև հակաօդային պաշտպանության համակարգեր։ Հնդկաստանը կարող է փոխարինել Ռուսաստանին՝ դառնալով Հայաստանի խոշորագույն ռազմամատակարարը՝ Ռուսաստանի հետ կապված խնդիրների ֆոնին։
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին օտարերկրյա գնորդն է դարձել «Ակաշ» համակարգի համար՝ 2022-ին պատվիրելով 15 համալիր շուրջ 720 միլիոն դոլար արժողությամբ։ Բացի այդ, Հայաստանը ձեռք է բերել նաև հնդկական «Պինակա» բազմակի հրթիռային արձակման համակարգեր։
Հայաստան–Հնդկաստան ռազմական համագործակցությունը շարունակվում է․ 2023 թվականին Երևանը ռազմական կցորդ է նշանակել Հնդկաստանում՝ երկու երկրների պաշտպանական ծրագրերը համակարգելու նպատակով։ Նույն թվականին ստորագրվել են նոր համաձայնագրեր, իսկ Նյու Դելին շարունակել է Հայաստանին առաջարկել զենք և զինամթերք։
DNA India-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի այս ակտիվությունը կարելի է դիտարկել նաև աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում։ Պակիստանը, որը ավանդական մրցակիցն է Հնդկաստանի, ավելի է մերձենում Թուրքիային՝ իսլամական աշխարհի քաղաքական դաշտում իր դիրքերը ամրապնդելու նպատակով։ Այդ ֆոնին Ադրբեջանը, որը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, որոշել է աջակցել Պակիստանին։
Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սրվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո։ Այդ ժամանակ, հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պակիստանյան ուժեր Ադրբեջանի կողմում ներգրավված են եղել մարտական գործողություններում՝ մեղադրանք, որը Իսլամաբադը հերքեց՝ անվանելով այն անհիմն։
2011-ից 2020 թվականներին Ռուսաստանի Դաշնությունն էր Հայաստանի հիմնական զենքի մատակարարը։ SIPRI միջազգային ինստիտուտի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանն ստացել է «Իսկանդեր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ (մինչև 300 կմ), ինչպես նաև չորս «Սու-30ՍՄ» մարտական ինքնաթիռներ։
Այսօր, սակայն, Ռուսաստանի դերը վերանայվում է, իսկ Հնդկաստանն աստիճանաբար զբաղեցնում է առաջատար դիրք՝ որպես տարածաշրջանային նոր գործընկեր՝ ռազմավարական, պաշտպանական և տնտեսական ոլորտներում։ Նշենք, որ Նյու Դելին այժմ բանակցում է նաև Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի պայմանագրի շուրջ: