
Ռումինիայի ԵՄ-ամետ թեկնածուն նախագահական ընտրություններում հաղթել է ծայրահեղ աջ մրցակցին
Քաղաքական հայացքներով ԵՄ-ին հարող Ռումինիայի նախագահի թեկնածու Նիկուշոր Դենը կիրակի հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ առաջ անցնելով իր ծայրահեղ ազգայնական մրցակցից․ գրում է CNN-ը։
Ձայների 100%-ի հաշվարկից հետո կենտրոնամետ թեկնածուն ստացել է քվեարկության մասնակցածների 54%-ի ձայնը՝ հստակ հաղթանակ տանելով ծայրահեղ աջակողմյան թեկնածու Ջորջ Սիմիոնի նկատմամբ, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագուն է։
Սիմիոնը, ով դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն և քննադատում է ԵՄ-ին, մայիսի 4-ին կայացած ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելուց հետո թվում էր, թե հաղթանակի ճանապարհին է։ Այնուամենայնիվ, հեռուստատեսային բանավեճում Սիմիոնին հաղթելուց հետո Դենի դիրքերը բարելավվել են։
Դենը իր կողմնակիցներին կոչ է արել «համբերատար լինել»՝ նշելով, որ «դժվար ժամանակներ են սպասվում, սակայն դա անհրաժեշտ է՝ այս երկրի տնտեսությունը հավասարակշռելու, առողջ հասարակության հիմքեր կառուցելու համար»։