
Եվրամիությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդը ընդունել է իրավական ակտեր, որոնք պաշտոնապես հաստատում են Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելու որոշումը։ Ցուցակից հանվել է 24 կետ, այդ թվում՝ երկրի Կենտրոնական բանկը, նաև նավթի արդյունահանման և բամբակի վերամշակման ոլորտներում գործող ընկերությունները․ այս մասին հայտնում է Reuters-ը։
ԵՄ ԱԳ նախարար Քաջա Կալլասը X սոցիալական ցանցում գրել է, որ Եվրոպան ձգտում է օգնել սիրիացի ժողովրդին «կառուցել նոր, ներառական և խաղաղ Սիրիա»։
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ մտադիր է չեղյալ հայտարարել Սիրիայի դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խորհրդակցություններից հետո։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով զարգացումները, հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը և պատրաստ է նոր պայմաններում ակտիվ առևտրատնտեսական համագործակցություն հաստատել։