
Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական ոլորտներում կարևոր է ԵՄ-ի համար
ԵՄ-ն առաջ է քաշում կայուն և անվտանգ սևծովյան տարածաշրջանի նոր ռազմավարություն։ Այս ռազմավարությունը նպատակ ունի խթանել կապերը և աճը՝ կապելով Եվրոպան Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների հետ։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նաև կամրապնդի ԵՄ-ի աշխարհաքաղաքական դերը՝ որպես աևծովյան տարածաշրջանում հուսալի խաղացող․ այս մասին նշվել է ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվել է, ԵՄ-ն ավելի սերտ գործակցություն կհաստատի Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ և կխթանի տարածաշրջանային գործակցությունը կապի ոլորտում։ «Այս երկրներից մի քանիսը ընտրել են ԵՄ անդամակցության կամ ԵՄ-ի հետ ավելի սերտ մերձեցման ուղին։ Այսօրվա ռազմավարությունը ձգտում է սևծովյան գործընկերներին և ԵՄ-ին շոշափելի օգուտներ բերել՝ ներդրումներ կատարելով և խորացնելով փոխշահավետ հիմնական գործընկերությունները», – նշվել է հաղորդագրությունում։
Սևծովյան տարածաշրջանի հետ ապագա գործակցությունը կառուցված է երեք հենասյուների վրս՝
- անվտանգության, կայունության և դիմադրողականության բարձրացում,
- կայուն աճի և բարգավաճման խթանում,
- բնապահպանության, կլիմայի փոփոխությանը դիմակայունության և պատրաստվածության, նաև քաղաքացիական պաշտպանության խթանում։
Հիմնվելով Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Միջերկրական ծովի միջև կամուրջ հանդիսանալու իր եզակի դիրքի վրա՝ Սև ծովը կարող է ծառայել որպես կայունության, կայուն զարգացման և կապակցվածության անկյունաքար՝ համատեղ շահերի գործընկերության միջոցով։
ԵՄ ռազմավարական մոտեցումը ձգտում է բացահայտել տարածաշրջանի ներուժը՝ հիմնված խաղաղության և միջազգային կարգի, օրենքի գերակայության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի ջանքերի վրա։ Այս քաղաքականության հիմքում ընկած է Ուկրաինայի ընդհանուր դիմադրողականության և անվտանգության, նաև նրա վերականգնման աջակցությունը, երբ պայմանները թույլ տան։
Ըստ հաղորդագրության՝ առաջարկը կխթանի կայուն զարգացումը և կբարձրացնի տնտեսական բարգավաճումը՝ սևծովյան տարածաշրջանը Բալթիկ ծովի, Միջերկրական ծովի, Հարավային Կովկասի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապող տրանսպորտային, էներգետիկ, թվային և առևտրային միջանցքների միջոցով․ «Սև ծովը Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Միջերկրական ծովը կապող կարևոր դարպաս է։ Դրա կայունությունը կարևոր է միջազգային առևտրի, պարենային անվտանգության և ավելի լայն աշխարհաքաղաքական կայունության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության համար։ Տարածաշրջանի կայուն և ներառական զարգացումը կենսական նշանակություն ունի ոչ միայն իր անմիջական հարևանների, այլև՝ Եվրամիության՝ որպես ամբողջության և գլոբալ մասշտաբով»։
ԵՄ-ի դերն ու պատասխանատվությունը Սևծովյան տարածաշրջանում մեծանում է, մասնավորապես՝ Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի հետ, եթե երկիրը վերադառնա ԵՄ ուղուն, անդամակցության բանակցությունների մեկնարկի հետ մեկտեղ։ ԵՄ ընդլայնման գործընթացը ռազմավարական ներդրում է տարածաշրջանային անվտանգության և դիմադրողականության բարձրացման համար։ Կարևոր է նաև համակարգված մոտեցումը Թուրքիայի հետ, որը ԵՄ ռազմավարական կարևորության գործընկեր է և թեկնածու երկիր։ Նմանապես, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական ոլորտներում համագործակցության միջոցով ԵՄ-ի համար կարևոր նպատակ է։