04 Հնս
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հետ համաձայնագրի ԱՄՆ առաջարկը միակողմանի է և հեռու իրականությունից․ ISNA

Իրանի հետ համաձայնագրի ԱՄՆ առաջարկը միակողմանի է և հեռու իրականությունից․ ISNA

Թեհրանն Իրանի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի գրավոր առաջարկը, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու բանակցությունների մաս է կազմում, համարում է իրականությունից հեռու. հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Վերջինիս փոխանցմամբ՝ ամերիկյան կողմից ներկայացված առաջարկը բացարձակապես անընդունելի է։ Թեհրանը դրանում պարունակվող կետերը համարել է «միակողմանի և իրականությունից հեռու» և չի դիտարկի այն որպես հնարավոր համաձայնագրի հիմք։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և ընդունելի առաջարկ։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռևս երաշխիքներ չի տրամադրել Իրանին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ, և այս առաջարկին պատասխանը կմշակվի՝ հաշվի առնելով երկրի ազգային շահերը։

Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը, որտեղ Օմանը հանդես էր գալիս որպես միջնորդ: Խորհրդակցություններից հետո Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել: Իր իրանցի գործընկերոջ խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնը հույս ունեն դրական արդյունքների հասնել մեկ կամ երկու հանդիպման ժամանակ: 

Ռազմագերիներ