
Ամերիկյան բազաներն Իրանի հասանելիության սահմաններում են, և Թեհրանը չի տատանվի հարվածել դրանց․ ՊՆ
Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաների վրա՝ Միացյալ Նահանգների հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն։
«Ամերիկյան կողմի որոշ ներկայացուցիչներ սպառնում են, որ եթե բանակցությունները արդյունքի չհանգեցնեն, ապա կհասնենք բախման։ Հուսով եմ, որ բանակցությունները հաջող կլինեն, բայց եթե մեզ վրա զինված հակամարտություն պարտադրվի, թշնամու կորուստներն անպայման ավելի մեծ կլինեն, և այս դեպքում՝ Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը։ Բոլոր ամերիկյան բազաները մեր հասանելիության սահմաններում են, և մենք չենք տատանվի հարվածել դրանց այն երկրների տարածքում, որտեղ դրանք գտնվում են», – նշել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։