13 Հնս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
28.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի վրա, իսկ Թեհրանը՝ հակագրոհի․ NYT

Իսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի վրա, իսկ Թեհրանը՝ հակագրոհի․ NYT

ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաների կարծիքով՝ Իսրայելը, կարծես, պատրաստվում է շուտով հարձակում գործել Իրանի վրա, մի քայլ, որը կարող է ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Իրանի զինվորական և կառավարական պաշտոնյաներն արդեն քննարկել են Իսրայելի կողմից հարձակման դեպքում պատասխան գործողությունները. հայտնել է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունը մշակել է պատասխան գործողությունների ծրագիր, որը ենթադրում է անհապաղ հակագրոհ հրեական պետության տարածքում՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր CBS հեռուստաալիքը, ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություններ են ստացել, որոնց համաձայն Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Axios ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չդիմել նման քայլի:

Ինչպես գրել է NYT-ն, հստակ չէ, թե որքան ջանք է գործադրել Թրամփն այս անգամ Նեթանյահուին խոչընդոտելու համար։ Ընդգծվել է, որ վերջին օրերին ԱՄՆ նախագահը պակաս լավատես է թվում դիվանագիտական կարգավորման հեռանկարների վերաբերյալ, հատկապես այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ամերիկյան վարչակազմի առաջարկը, որը գործնականում կսահմանափակեր Իրանի կողմից իր տարածքում ուրանի հարստացման կարողությունը: Նեթանյահուն անցյալում ևս Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու ցանկություն է արտահատել, սակայն վերջին պահին նահանջել է:

Իր հերթին՝ ԱՄՆ ռազմական շրջանակների ներկայացուցիչը ТАСС-ին հայտնել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթn, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլատրել է ամերիկացի զինծառայողների ընտանիքի անդամների «կամավոր հեռանալը» Մերձավոր Արևելքից: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների հրամայել է լքել երկիրը` «տարածաշրջանում աճող լարվածության» պատճառով: Թրամփը, մեկնաբանելով այս քայլերը, ընդգծել է. «Նրանց դուրս են բերում, քանի որ այս վայրը կարող է վտանգավոր լինել: Կտեսնենք, թե ինչ կլինի»: Խոսելով Իրանի մասին՝ Սպիտակ տան տերը նշել է. «Նրանք չեն կարող միջուկային զենք ստանալ։ Դա շատ պարզ է։ Նրանք չեն կարող միջուկային զենք ստանալ։ Մենք դա թույլ չենք տա»։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ պատերազմի դեպքում` այն կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաների վրա։

Ռազմագերիներ