14 Հնս
2025
22.4° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին

Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին

ՌԴ հայերի միության նախագահը դիմել է ՌԴ և ՀՀ ԱԳՆ-ներին՝ ապահովվելու հարկադիր վայրէջքների պատճառով Բաքվում հայտնված հայերի անվտանգությունը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար այն հայերի անվտանգությունը, ովքեր հայտնվել են Բաքվում՝ կապված Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է․

«Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով՝ հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են եղել Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթները։

Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ։

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակության մեջ տարածվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը՝ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի ՌԴ քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները։

ՌՀՄ-ի հետ կապ են հաստատած ուղևորների հարազատների խոսքով՝ Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայումս կապի դուրս չեն գալիս։

Ռուսաստանի հայերի միությունը նաև կոչ է անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանն անել հնարավոր ամեն ինչ՝ Բաքու իրենց կամքին հակառակ վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար»։

Ռազմագերիներ