
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ
Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման ֆոնին փակված ճանապարհների պատճառով Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում շարունակում է մնալ հայկական արտադրանքով մոտ 300 բեռնարկղ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայկական բեռների մի մասը մնացել է ինչպես նավահանգստում, այնպես էլ Իրանի ճանապարհներին։
«Նավահանգիստը գործում է և ընդունում է բեռներ, բայց չի ուղարկում դրանք Հայաստան՝ ճանապարհները փակ են։ Հիմնականում խոսքը Չինաստանից եկող բեռների մասին է», – պարզաբանեց Իվանովը։
Նրա խոսքով՝ ուշացումը լուրջ ազդեցություն չի ունենա դեպի Հայաստան ընդհանուր բեռնահոսքի վրա, քանի որ կա այլընտրանքային ճանապարհ՝ վրացական Փոթի նավահանգստով։ Թեև այն ավելի շատ ժամանակ և ծախս է պահանջում, իրավիճակը շարունակում է վերահսկելի մնալ։
«Բենդար Աբբասում մնացած բեռների ծավալը այնքան մեծ չէ, որ ազդի ամբողջ բեռնափոխադրումների համակարգի վրա։ Առանձին տնտեսվարող սուբյեկտների համար սա, անշուշտ, խնդիր է, բայց բեռները չեն կորել։ Դժվար է ասել` երբ դրանք կհասնեն», – հավելեց Իվանովը։
Դժվար է նշել իրանական ճանապարհներին մնացած հայկական բեռնատարների ճշգրիտ թիվը։ Իվանովի խոսքով՝ տարեկան Չինաստանից Հայաստան միջինում մոտ 5 հազար բեռնարկղ է հասնում, որի մոտ 5%-ն Իրանով է անցնում։