
Ձերբակալությունները կապ ունեն Փաշինյանի՝ Թուրքիա այցի հետ. Իշխան Սաղաթելյան
Մենք այս ամենը կապում ենք նրա՝ Թուրքիա կատարած այցի հետ։ ՀՅԴ բազմաթիվ կառույցների պատասխանատուների հանդեպ իրականացվում են ճնշումներ, ներառյալ՝ Սրբազան շարժման ակտիվ անդամները. ABC media-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները ձերբակալությունների կամ բերման ենթարկելու գործընթացի ընթացքում որևէ օրինական հիմնավորում չեն ներկայացնում։
«Բացատրություն չկա։ Մարդկանց բերման են ենթարկում փողոցից, տնից, գրասենյակից։ Սա քաղաքական գործողություն է՝ ընդդեմ դիմադրության բոլոր օջախների։ Դաշնակցության դեմ պայքարն էլ նոր չէ, պարզապես հիմա անցել են նոր փուլի»,- մանրամասնեց Սաղաթելյանը։
Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների՝ այս պահի դրությամբ արդեն երկու տասնյակից ավելի մարդ է բերման ենթարկվել Հրազդանից Աբովյանից, նաև այլ համայնքներից։ Նա ընդգծեց՝ այս գործընթացը դեռ շարունակվում է, և տեղեկությունը ժամ առ ժամ թարմացվում է։
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարել է, որ անկախ ճնշումներից և դրանց ծավալից՝ «ոչ մի բռնաճնշում չի կարող լռեցնել» կուսակցությանը, իսկ նման գործելաոճը «անխուսափելիորեն ձևավորելու է համարժեք հակազդեցություն»։