
Փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով. Գոհար Մելոյան
Այսօր Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվեց «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական նախագիծը, որը միջազգային ներդրումային իրավունքի (International Investment Law) տեսանկյունից դասական indirect expropriation է (անուղղակի բռնագրավում)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Այսպես, նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու միջոցով՝ առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու «ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են «ՀԷՑ»-ը կառավարելու ԲՈԼՈՐ լիազորությունները։
Անգամ «ՀԷՑ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։
Նշվածը պարզապես ԱՆՆԱԽԱԴԵՊ է կորպորատիվ իրավունքի տեսանկյունից։
Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավիչը հրաժարվելու է «ՀԷՑ»-ին տրված լիցենզիայից, իսկ այնուհետև՝ փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։
Այս նախագծի բազմաթիվ այլ խնդրահարույց կետերին կանդրադառնամ քիչ անց։
Սակայն ակնհայտ է, որ դրա ընդունումն ու իմպլեմենտացիան հանգեցնելու է բազմաթիվ իրավական խնդիրների և վնասների Հայաստանի Հանրապետության համար։
Հ. գ. Հարգելի քաղաքացիներ, եթե դժգոհում եք ՀԷՑ-ի պարբերաբար լուսանջատումներից և բողոքում, որ մինչեւ չվճարեք լույսը չեն միացնում, շուտով կարող է վճարելու դեպքում էլ Ձեր լույսը մարած մնա»,-գրել է նա: