
Խստագույնս դատապարտում ենք Հայոց Սրբություն Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները․ Երուսաղեմի հայոց պատրիարք
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարությամբ է հանդես եկել․ Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռի վրա հարձակումն ու աջակցությոն հայտնել Վեհափառ Հայրապետին։
«Խոր ցավով և մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք խուժելու և նման իրավիճակ առաջացնելու մասին: Չէինք կարծում, թե հարցը, ի վերջո, դրան կհասնի, սակայն իրականությունը, կարծես, պայթեց հանկարծ՝ ռումբի չափ ուժգին և ցնցիչ սաստկությամբ:
Կացությունը անդառնալի վիճակի է հասած , սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել, գեթ կանգ առնել այն կետին վրա, ուր մեզ հասցրել են վերջին դեպքերը։ Եվ կանգ առնել՝ հանդարտությամբ և խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ և զուսպ հոգով, այլապես այս ճանապարհը, եթէ շարունակվի, մեզիանդունդ պիտի տանի։ Ուստի պետք է խնայել թե՛ Ազգը, ե թե՛ Եկեղեցին՝ խուսափելու համար նոր և ավելի ծանր աղետներից, Եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ և պառակտումներ ստեղծելու վտանգից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աղոթարան ու սրբարան է, «կերպարանք Աստծո անքանակ էության», ինչպես կասեր Նարեկացին։ Այն դարերով Հայի պետականությունն է եղել, առանց պետական իրացունքի, առանց զորքի և ոստիկանի, բարոյապես թագավորելով մարմնապես հալածված և ընկճված հոգիների վրա, իր ազդեցության շրջանակի մեջ պահելով բախտից այրիացած Հայի սերունդները: Այն կրոնական նվիրապետության կենտրոն չէ միայն. այլ Հայի հոգևոր հայրենիքը:
Հետևաբար, հանուն Սրբոց Յակոբեանց Զինվորյալ Միաբանության խստագույնս դատապարտում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Սրբություն Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները: Լիահույս ենք, որ Մայր Աթոռը շարունակում է իր գործունեությունը համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը՝ հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի:
Մեր զորակցությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրյալի օգնությունը և մաղթելով Հայոց Հորը երկար օրեր: