
Դարեր շարունակ հայերով բնակեցված այս հողում Նիկոլ Փաշինյանը շրջվել է դեպի Անկարա․ ֆրանսիական մամուլի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին
Ֆրանսիական e journal de dimanche կիրակնօրյա պարբերականը վերլուծել է Հայաստանյան քաղաքական վերջին իրադարձությունները, դրանք քննարկելով նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ։
Հոդվածում մասնավորապես ասվում է․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ խիստ տկարացել է, լռեցնում է իր ընդդիմախոսների մի մասին, որը մեղադրում է նրան ավտորիտար շեղումների համար։
Ով Հայաստանում կհանդգնի դիպչել Հայ Առաքելական Եկեղեցուն, պետք է զգույշ լինի։ Դարեր շարունակ հայերով բնակեցված այս հողում Նիկոլ Փաշինյանը շրջվել է դեպի Անկարա։ Իսկ Էրդողանը նրան նոր տնտեսական հեռանկարներ է խոստանում․ երկաթուղիների կառուցում, առևտրի ազատացում, հայկական ձկնաբուծության ավելի լավ ինտեգրում — Թուրքիան երազում է հաստատել իր վերահսկողությունը Կովկասի վրա, իսկ պարտված ու թուլացած Հայաստանը պետք է ծառայի որպես տնտեսական միջանցք Ադրբեջանի հետ։
«Սա լիարժեք վասալացում է», — հաստատում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Ընդդիմադիր Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) անդամ Փափազյանը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ տեսնում է Բրյուսելի ստվերը։
«Եվրոպական միությունն ուզում է Կովկասի ղեկը հանձնել Թուրքիային, բայց Հայաստանը չի կարող ծռել իր վիզը և վարել պարտվածի պահվածք», – մեկնաբանում է ֆրանսահայ գործիչը։
Մի քանի ամիս առաջ՝ 2023-ին Լեռնային Ղարաբաղի կորուստից հետո թուլացած Նիկոլ Փաշինյանը անցել է քաղաքական շրջադարձի։ Նա փաստացի ընդունել է Ղարաբաղի ադրբեջանական վերահսկողությունը և այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Փաշինյանի այս քայլերը, հատկապես ընտրություններից մեկ տարի առաջ, ընդդիմության բարկության պատճառ են դառնում։ Երևան են գալիս ազգային և կրոնական շրջանակների «պայմանական» միավորումները, որոնք ստանում են հայտնի հայ գործիչների աջակցությունը։
Հունիսի 18-ին ձերբակալվել և կալանավորվել է ազդեցիկ հայ-ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը։ Նրան մեղադրում են կառավարության տապալման կոչերի համար։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը «JDD»-ին ասել է, որ սա քաղաքական հալածանք է և «բոլոր ընդդիմադիր ձայների լռեցում»։ Բայց ոմանք խոսում են ռուսական միջամտության փորձի մասին. դեռ 2020-ից Փաշինյանը քննադատել էր Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ ցանկանալով ավելի մոտենալ Եվրոպային։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «շատ ուշադիր հետևում է» Կարապետյանի ձերբակալությանը, ում հարստության մի մասը հիմնված է Ռուսաստանում։
Ուրբաթ առավոտյան դիմակավորված ոստիկանները ներխուժել են Վեհարան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր։ Եկեղեցականների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալվել է։
Նիկոլ Փաշինյանը խոստացել է «հասնել» Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որի ազդեցությունն ավելի ու ավելի է ստվերում իրեն։ Երևանը խոսում է «հանցավոր-օլիգարխիկ-հոգևոր դավադրության» մասին, որը «պետք է կոտրել»։
Ամենաղքատ երկիրը Կովկասում, շրջապատված գիշատիչ նպատակներ ունեցող հարևաններով կանգնած է պատմության խաչմերուկում՝ տարածաշրջանային հաշտեցման և ավտորիտար գայթակղության միջև։
Մինչ եվրոպացիների և ամերիկացիների աչքերը սևեռված են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վրա, հայերի ճակատագիրը կարող է վճռվել անկախ արևմտյան դիվանագիտական կենտրոններից։
«Իրականում, վարչապետի դաշինքների շրջադարձը չի օգնել Հայաստանին, և ոչ մի արևմտյան ուժ չի աջակցել Ղարաբաղի հայերին։ Բայց ընդդիմությանը Ռուսաստանին ենթակա լինելում մեղադրելն անհեթեթ է, մենք հայրենասերներ ենք, ոչ թե ազդեցության գործակալներ», — եզրափակում է Մուրադ Փափազյանը։
Միևնույն ժամանակ, ընդդիմության դեմ ճնշումները և ձերբակալությունները շարունակվում են…