
Ադրբեջանի և ՀՀ-ի հետ ՌԴ-ի հարաբերությունների վատթարացումը «հենց այնպես չէ»․ Պետդումայի պատգամավոր
Ադրբեջանում ձերբակալվել են ռուս լրագրողներ՝ Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցները, իսկ Հայաստանում ցանկանում են արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այս ամենը «հենց այնպես չէ»․ Газете.Ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան:
Նա կարծում է, որ Ռուսաստանի և հարևանների հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են «որոշակի երկրների» հատուկ ծառայությունները։ «Իհարկե, սա որոշակի ճնշում է: Մենք հասկանում ենք, որ այս ամենը հենց այնպես չէ, և կան ուժեր, որոնք կարողացել են կազմակերպել նման երևույթ: Եվ սա չափազանց տհաճ է: Հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացնում», – նշել է նա։
Չեպայի խոսքով՝ լարվածության կետերը «չեն դադարում» ստեղծվել Ռուսաստանի սահմանի մոտ: Պատգամավորը նշել է, որ ինքը կցանկանար «ավելի արագ» ջերմացում Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Դրանից առաջ՝ հունիսի 30-ին, Ադրբեջանի անվտանգության ուժերը մտել են «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի խմբագրություն և ձերբակալել հրատարակության լրագրողներին. փետրվարին «Սպուտնիկի» գործունեությունը երկրում դադարեցվել էր։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքվի արձագանքը «զգացմունքային» է և կոչ է արել երկրի իշխանություններին երկխոսություն սկսել։ Հուլիսի 1-ին հայտնի է դարձել, որ ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխը և Եվգենի Բելոուսովը 4 ամսով ձերբակալվել են։ Նաև հուլիսի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը պետք է արգելվի հանրապետությունում։ Նրա խոսքով՝ սա պետք է լինի պատասխան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսական հեռուստատեսությամբ հնչող կարծիքներին։