03 Հուլ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սադրիչ քայլերն արդեն շատ լուրջ վնաս են հասցնում ՌԴ-Ադրբեջան միջպետական հարաբերություններին․ Զախարովա

Սադրիչ քայլերն արդեն շատ լուրջ վնաս են հասցնում ՌԴ-Ադրբեջան միջպետական հարաբերություններին․ Զախարովա

Բաքվում Россия Сегодня-ի մասնաճյուղի՝ Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության դեմ հունիսի 30-ին տեղի ունեցած բռնի գործողության ժամանակ ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ մասնաճյուղի ղեկավար Իգոր Կարտավիխը և նրա տեղակալ Եվգենի Բելոուսովը, ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց կալանքից։ Ինչպես ավելի ուշ է հայտնի դարձել, ռուսական լրատվական գործակալության և ռուս լրագրողների վրա ճնշումը շարունակվում է։

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նրանք աշխատել են ոչ թե մեկ շաբաթ, ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներ՝ առանց որևէ կողմից որևէ բողոքի։ Նրանց ոչ մի մեղադրանք չի առաջադրվել՝ ո՛չ իրենց աշխատանքի ձևի, ո՛չ էլ նյութերի բովանդակության համար։ Նրանք եղել և մնում են լրագրողներ, որոնք իսկապես հետևում են ինչպես մասնագիտական էթիկային, այնպես էլ, իհարկե, ընդունող երկրի օրենքներին։ Մենք խնդրել ենք դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին այցելելու հնարավորություն տրամադրել։

Ցավոք, այս պահին դա չի տրամադրվել։ Հուսով ենք, որ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել երկկողմ հարաբերությունները, կխուսափեն հետագա սադրիչ քայլերից։ Նման քայլեր արդեն շատ են եղել։ Դրանք լուրջ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել այդ հարաբերությունները վերադարձնելու այն մակարդակին, որը ձևակերպված է պաշտոնական փաստաթղթերում՝ ռազմավարական դաշինքի մակարդակին։ Մենք համոզված ենք, որ բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ուղիները։ Հենց այս մոտեցումն է, այլ ոչ թե արհեստականորեն սրվող առճակատումը, որ իրականում կծառայի երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», – նշել է Զախարովան։ Նա հավելել է, որ այս պահին ստացվել է 11 հարցում նրանցից, ովքեր նույնականացրել են իրենց հարազատներին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերում:

«Եթե մեր քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են ուղևորություններ դեպի այս երկիր, անհրաժեշտ է ուշադիր քննարկել ստեղծված իրավիճակը», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ռազմագերիներ