
Սարսափելի և պառակտող տեղեկատվական արշավ է հայ ժողովրդի դեմ․ Զախարովան՝ ՀՀ-ում իրավիճակի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իշխանամետ հայկական լրատվամիջոցներում տարածվող այն լուրերը, թե իբր երկրի ընդդիմադիր գործիչները և նույնիսկ հոգևոր դասի ներկայացուցիչները «Կրեմլի գործակալներ» են։ Զախարովան նշել է․
«Գրում են նրանք, իսկ ամաչում են բոլորը։ Դա, առաջին հերթին, սարսափելի տեղեկատվական արշավ է հայ ժողովրդի դեմ։ Այն պառակտում է հասարակությանը», – նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ դրանք (եկեղեցին, հոգևոր արժեքները) հենց այն են, ինչ միշտ միավորել են հայերին որպես ժողովուրդ՝ օգնելով հաղթահարել սարսափելի փորձություններ։ Իսկ հիմա այդ արժեքները՝ եկեղեցին, կրոնը, հոգևոր արժեքներն արհեստական կերպով վերածվում են կռվախնձորի։
«Այդ ամենը, չգիտես թե ինչու, կապվում է ՌԴ-ի հետ։ Ի՞նչ կապ ունի այստեղ ՌԴ-ն», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ այդ կերպ արհեստականորեն թունավորում են հայ ժողովրդին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է եղբայրական Հայաստանի կայունությամբ, կցանկանար տեսնել այն զարգացող և բարգավաճող՝ հիմնված բարձր իդեալների և օգուտների վրա։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանում օրենքի գերակայության պահպանմանը՝ հիմնված սահմանադրության վրա, ապահովելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ կրոնական։