
Իշխան Սաղաթելյանը ԵՄ պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու հայ պատանդներին վերաբերող հարցերը
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվելու ընթացքում՝ հուլիսի 1-2-ին, հանդիպել եմ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանիատիսի, նույն քաղաքական խմբի անդամներ և Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն ներգրավված պատգամավորներ Վիտենիս Անդրիուկաիտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ։
Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստանի համար անվտանգային նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ադրբեջանական ագրեսիային, հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությանը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը և այլն։
Նախանշեցինք Հ.Յ. Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ»։