
Տիգրան Ավինյանի հայրը «համբալի գործով» պարտվեց դատարանում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը «համբալի գործով» պարտվեց դատարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Գրիգոր Իսկանդարյանը «պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին» հայց էր ներկայացրել դատարան Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։ Դատարանը հայցն ընդունել էր հունվարի 20-ին և մակագրել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։
«Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով։ Մենք պահանջել էինք 500 հազար դրամ սիմվոլիկ գումար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Իսկանդարյանը։
Նա տեղեկացրել է, որ ինչպես նախապես որոշել էին՝ գումարը բարեգործության համար է օգտագործվելու։ Կսպասեն, թե ինչպես են իրադարձությունները զարգանում՝ Վերաքննիչ դատարան դիմում են, թե ոչ, դրանից հետո որոշում կկայացնեն, թե ինչի համար է ծախսվելու գումարը։