
BRICS անդամ-երկրները հռչակագիր են ընդունել
Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովի շրջանակներում BRICS անդամ-երկրները ընդունել են հռչակագիր:
Հռչակագրում BRICS առաջնորդները հույս են հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության դադարեցմանն ուղված ջանքերը կհանգեցնեն կոնֆլիկտի խաղաղ կարգավորման։
«Մենք երախտագիտությամբ ենք նշում միջնորդության և բարի ծառայությունների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ Աֆրիկյան խաղաղության նախաձեռնության և Խաղաղության բարեկամների խմբի ստեղծումը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը երկխոսության և դիվանագիտության միջոցով», – ասվում է Բրազիլիայի կառավարության մամուլի ծառայության կողմից հրապարակված փաստաթղթի տեքստում, – «մենք ակնկալում ենք, որ [Ուկրաինայի հարցում] ներկայիս ջանքերը կհանգեցնեն կայուն խաղաղ կարգավորման»։
Ռիո դե Ժանեյրոյում կայացած BRICS գագաթնաժողովը դատապարտել է Իրանի դեմ ռազմական հարվածները՝ դրանք որակելով միջազգային իրավունքի խախտում։
Բացի այդ՝ BRICS-ը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ, որոնք գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար պաշտպանության ներքո. այս համատեքստում հանդիպման մասնակիցները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին լուծել ռազմական հակամարտություններում միջուկային անվտանգության ապահովման հարցը։
Հռչակագրում անդրադարձ կա նաև Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ. BRICS անդամ-երկրները կոչ են արել «անհապաղ և անվերապահ հրադադար» հաստատել անկլավի տարածքում՝ ընդգծելով, որ Գազայի հատվածը և Արևմտյան ափը պետք է միավորվեն Պաղեստինի պետության մեջ՝ Պաղեստինի ազգային կառավարության իշխանության ներքո։
BRICS երկրները դատապարտել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում կամուրջների և երկաթուղային ենթակառուցվածքների վրա մայիսի 31-ին, հունիսի 1-ին և 5-ին կատարված հարձակումները։
BRICS անդամ-երկրները նաև ողջունում են Սիրիայի նկատմամբ միակողմանի սահմանափակումների վերացումը։
Հռչակագիրը ստորագրած կողմերն իրենց մտահոգություն ենք հայտնում միջուկային վտանգի և հակամարտությունների աճող ռիսկերի վերաբերյալ.
«Մենք վերահաստատում ենք զինաթափման, զենքի վերահսկողության, չտարածման համակարգի ակտիվացման և դրա ամբողջականության ու արդյունավետության պահպանման անհրաժեշտությունը՝ համաշխարհային կայունության և միջազգային խաղաղության ու անվտանգության հասնելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
BRICS գագաթնաժողովը 2026 թվականին կհյուրընկալի Հնդկաստանը։