07 Հուլ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվին և Անկարային գոհացնելու Փաշինյանի փորձին զուգահեռ ՀՀ-ում աճում է բնակչության դժգոհությունը երկրի ղեկավարությունից․ НГ

Բաքվին և Անկարային գոհացնելու Փաշինյանի փորձին զուգահեռ ՀՀ-ում աճում է բնակչության դժգոհությունը երկրի ղեկավարությունից․ НГ

Հայաստանը նշել է Սահմանադրության 30-ամյակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դժվարին բանակցությունների, ինչպես նաև ներքաղաքական ճգնաժամի հերթական փուլի ֆոնին։ Մինչ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կողմնակիցները պահանջում են նրան ազատ արձակել և տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարության ղեկավարը կոչ է անում վերաշարադրել հիմնական օրենքը՝ Բաքվին և Անկարային գոհացնելու համար․ գրել է Независимая Газета-ն։

Նշվել է, որ կառավարությունը խոստանում է նոր Սահմանադրության նախագիծը պատրաստել մինչև 2026 թվականի գարուն։ Իրենց հերթին՝ կառավարության հակառակորդները կարծում են, որ Փաշինյանը պատրաստվում է ոչ միայն փոխել Սահմանադրության նախաբանը, այլև Հիմնական օրենքից բացառել ցեղասպանության մասին հիշատակումը, ինչն անհանգստացնում է Թուրքիային։ Դեռևս անհայտ է, թե որքան հեռու կարող են գնալ Հայաստանի իշխանությունները Սահմանադրությունը փոխելու հարցում, և արդյո՞ք ժողովուրդը կաջակցի նրանց։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Երևանը սկսել է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Սակայն Հայաստանը և Ադրբեջանը նախ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն։  Համաձայնագրի տեքստն արդեն գոյություն ունի, բայց այն հաստատելու համար Բաքուն պահանջում է, որ Երևանը փոխի Սահմանադրության նախաբանը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հոդվածում հիշատակվել է նաև, որ Հիմնական օրենքի 30-ամյակի նախօրեին Երևանում տեղի է ունեցել պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով ձերբակված միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակցության բազմահազարանոց հանրահավաք։ «Ընդդիմությունն արդեն նրան անվանել է «հայ Իվանիշվիլի», բայց դեռ վաղ է գնահատել նրա քաղաքական հեռանկարները», -գրել կայքը՝ հավելելով, որ միջոցառումն այնքան բազմամարդ չէր, որքան մեկ տարի առաջ Երևանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ անցկացվածը։

Անկախ դրանից՝ Կարապետյանի կողմնակիցները վճռական էին տրամադրված ոչ միայն նրա ազատ արձակման, այլև հանրապետությունում իշխանության համար պայքարի հարցում։

«Հայաստանում ցանկացած բողոքի ցույց ներուժ ունի, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը դժգոհ է կառավարությունից։ Ավելին՝ ժամանակի ընթացքում նման տրամադրություններն ավելի ու ավելի են տարածվում։ Միևնույն ժամանակ՝ Կարապետյանի ազատ արձակվելու միակ հնարավորությունը երկրում իշխանափոխություն իրականացնելն է։ Նրա համախոհներին հաջողվել է առաջին լավ հանրահավաքն ունենալ։ Իհարկե անցյալ տարվա համեմատ ավելի քիչ մարդ էր դուրս եկել, բայց սա միայն սկիզբն է։ Ամենայն հավանականությամբ նրանք կպատրաստվեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին, և կարևոր չէ՝ դրանք կլինեն հերթակա՞ն, թե՞ վաղաժամ», – Независимая Газета-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանը։

Ռազմագերիներ