
Հազվագյուտ մետաղների չբացահայտված աղբյուր․ Գրենլանդիան՝ Արևմուտքի ուշադրության կենտրոնում
Եվրոպական երկրները և ԱՄՆ-ն ակտիվացնում են ջանքերը և փնտրում նոր հնարավորություններ՝ կենսական ռեսուրսների հարցում Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար․ գրում է Euronews-ը։
Գրենլանդիան աշխարհի ամենամեծ չօգտագործված հանքավայրերի հայրենիքն է, որտեղ կա հազվագյուտ մետաղների մեծ պաշար։ Դրանք էլեկտրական մեքենաների, հզոր մագնիսների, առաջադեմ կործանիչների, սուզանավերի, սմարթֆոնների, հեռուստացույցների և շատ այլ ապրանքների կարևոր բաղադրիչներ են։ Կարևոր հանքանյութերի նկատմամբ Չինաստանի գերիշխանությունը համաշխարհային մատակարարման շղթաներում դարձել է հզոր բանակցային քարտ Պեկինի և Վաշինգտոնի միջև վերջերս տեղի ունեցած առևտրային բանակցություններում։ Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոն–Պեկին երկու երկրները համաձայնության են եկել՝ հազվագյուտ հանքանյութեր Ամերիկա առաքելը հեշտացնելու համար։ Գրենլանդիայի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության՝ Amaroq Minerals Ltd.-ի գործադիր տնօրեն Էլդուր Օլաֆսոնը նշում է, որ ընկերությունը վերջերս 45 միլիոն ֆունտ ստեռլինգ է ներգրավել եվրոպացի և ամերիկացի ներդրողներից և բանակցություններ է վարում ԵՄ-ի և ԱՄՆ-ի մի քանի պետական կառույցների հետ։ Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է իր շահագրգռվածությունը ռեսուրսներով հարուստ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հարցում, որը զբաղեցնում է ռազմավարական դիրք՝ Եվրոպայի և Ամերիկայի միջև։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, ով ընտրվել էր այս տարվա սկզբին, հայտարարել էր, որ կղզու մասին ԱՄՆ հայտարարությունները անհարգալից են, և որ Գրենլանդիան երբեք, երբեք չի լինի այնպիսի սեփականություն, որը կարող է գնել որևէ մեկը։