
Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում ասել է այն, ինչի շուրջ բանակցում են. Զատուլին
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վարձակալության տրամադրել Զանգեզուրի միջանցքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները առաջ մղելու համար, կարող են բլեֆ չլինել, այլ իրական ծրագիր. RTVI-ի հետ զրույցի ընթացքում ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ ամերիկացի դեսպանի խոսքերի հետևում կա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը նման տարբերակի վերաբերյալ.
«Կարծում եմ, որ սա շատ իրական հեռանկար է։ Եվ ես նույնիսկ կարծում եմ, որ ռուս-հայաստանյան, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր սրացումները հենց այն փաստի հետ են կապված, որ լարվածությունը արհեստականորեն սրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Մոսկվային «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցնելուց խուսափելու համար», – ասել է պատգամավորը։
Նախկինում, հիշեցրել է Զատուլինը, խոսակցություններն այն մասին էին, որ եթե նման միջանցք ստեղծվի, այն կվերահսկվի ռուսական զորքերի կամ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից։ Հիմա, ինչպես կարծում է պատգամավորը, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում ոչ ոք չի անհանգստանում դրա համար։
«Նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այս վերահսկողությունը, հետևաբար՝ միտումնավոր ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով հարմար չէ Ռուսաստանին հարցնել այս հարցի մասին, այլ հարմար է բանակցել նրա և ամերիկացիների հետ. կարծում եմ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում ասել է այն, ինչի շուրջ բանակցում են», – եզրափակեց նա։