18 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
28.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան արցախահայության դեմ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան արցախահայության դեմ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է արցախահայության վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը և միջազգային իրավունքի խախտումը վերջինիս կողմից. հայտնում է «Արմենպրես»-ը:

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի և նրա հայ բնակչության դեմ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին: Բելգիայի օրենսդիր մարմինն ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի դեպքում:

Բանաձևը միանշանակ դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սպառնալիքներն ու հռետորաբանությունը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համատեքստում: Բանաձևում նաև հիշատակվում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների դեմ անօրինական դատավարությունը: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ Ներկայացուցիչների պալատը կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և երաշխավորել արդար դատավարություն:

Ներկայացուցիչների պալատը պահանջում է, որ Ադրբեջանը ապահովի Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել Արցախ՝ վնասը գնահատելու համար: Բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման անհրաժեշտությունը՝ կոչ է անելով բոլոր կողմերին պահպանել պայմանագրի դրույթները:

Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Բելգիայի կառավարությանը աջակցել պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննությանը, ընդլայնել Բելգիայի հյուպատոսական ներկայացչությունը Հայաստանում և խորացնել մարդասիրական և ռազմական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։

Ընդունված բանաձևը նաև կոչ է անում ԵՄ-ին կիրառել թիրախային պատժամիջոցներ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ, ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում և վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, եթե Բաքուն չցուցաբերի խաղաղության հասնելու իրական պատրաստակամություն։

Բանաձևի համահեղինակ, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Միշել դը Մեգդը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մի կողմից կա Ադրբեջանը, որը անընդհատ առաջ է քաշում խաղաղության նոր նախապայմաններ, իսկ մյուս կողմից՝ Հայաստանը, որը բաց է երկխոսության համար և պահանջում է միայն մեկ բան՝ հարգանք իր ինքնիշխանության նկատմամբ.

«Մենք պետք է մնանք օրենքի և արդարադատության կողմում։ Բելգիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին և ավելի խորացնել համագործակցությունը նրա հետ։ «Այս տեքստի վերաբերյալ քվեարկությունը կարևոր փուլ է այս գործընթացում և երկու ժողովուրդների միջև բարեկամության ևս մեկ ապացույց», – ասել է Մեգդը:

Ռազմագերիներ