
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ռուսական նավթի և բանկերի նկատմամբ
Եվրամիությունը համաձայնել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, որոնք ուղղված կլինեն երկրի էներգետիկ և ֆինանսական ոլորտներին․ գրում է Euronews–ը։
Նշվում է, որ այս քայլն իրականացվում է Կրեմլի ռազմական մեքենայի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինայում ժամանակավոր հրադադար պարտադրելու նպատակով։
Բրյուսելում դեսպանների կողմից ուրբաթ հաստատված պատժամիջոցները արգելք են սահմանում 22 ռուսական բանկերի, Ռուսաստանի ուղիղ ներդրումային հիմնադրամի և դրա դուստր ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքի, ինչպես նաև ստորջրյա «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի ուղղակի և անուղղակի օգտագործման վրա։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ–ն փոփոխության է ենթարկում նաև ռուսական հում նավթի գնի շեմը, որը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր սահմանվել էր մեկ բարելի համար 60 դոլար:
Նոր սահմանաչափը կսկսի կազմել մեկ բարելի համար 47.6 դոլար և ավտոմատ կերպով կկարգավորվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։