
Ծիրանի մթերման խնդիրը՝ գյուղացիների վեճի առարկա․ ABC media-ին մանրամասներ են հայտնել Վերին Դվինում ձերբակալությունների մասին
Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչները ահազանգ են հնչեցրել․ ոստիկանները ձերբակալում են գյուղի կանանց ու տղամարդկանց։ ABC media-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ասաց, որ վեճը երկու գյուղի՝ Արևշատի և Վերին Դվինի բնակիչների միջև է առաջացել` ծիրանի մթերման խնդիրների պատճառով։ «Ինձ բնակիչներն ասել են, որ Արևշատի վարչական ղեկավարն է ոստիկաններին ուղարկել Վերին Դվին։
Վեճի կողմից մեկը արևշատցիներն են, որտեղ ոչ մի ոստիկան չի գնացել։ Վերին Դվին ժամանած ոստիկաններն ասել են, որ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»։ Առգրավել են բնակիչների ավտոմեքենաները։
Ձերբակալման ժամանակ բնակիչներից մեկն ասել է՝ ինչու՞ եք ձերբակալում, հակադարձելու համար հարց է տվել ոստիկանն՝ ասելով՝ վարորդական իրավունք ունե՞ք, պատասխանել է՝ այո։ Ու ոստիկանն ասել է՝ այլևս չունես։ Նման անօրինական գործողություններ են կատարել գյուղի ներսում։ Ոստիկանները դեռ այնտեղ են»,- ասել է պատգամավորը։