
Իսրայելը հրաժարվում է երկարաձգել Գազայում աշխատող մի շարք գործակալությունների ղեկավարների վիզաները․ ՄԱԿ-ն ահազանգում է
Իսրայելը հրաժարվել է երկարաձգել Գազայում գտնվող ՄԱԿ-ի առնվազն երեք գործակալությունների ղեկավարների վիզաները, ինչը, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավարի խոսքով, կատարվում է «բացահայտորեն ի պատասխան քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքի»․ գրում է Euronews-ը։
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ վերջին ամիսներին Մարդասիրական հարցերի համակարգման վարչության (OCHA), Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և պաղեստինցի փախստականներին աջակցող գործակալության (UNRWA) տեղական ղեկավարների վիզաները չեն երկարաձգվել։
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի ղեկավար Թոմ Ֆլետչերը չորեքշաբթի Անվտանգության խորհրդին ասել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական մանդատը ոչ միայն կարիքավոր քաղաքացիներին օգնություն տրամադրելն ու իր աշխատակիցների կողմից ականատես եղածի մասին հաղորդելն է, այլև միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունն է։