
Սկաուտ, մարզպետ, նախարար, հիմա արդեն՝ ՀԷՑ ղեկավար. ի՞նչ է հայտնի Ռոմանոս Պետրոսյանի մասին
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր ղեկավար: Վերհիշենք՝ ով է Պետրոսյանն ու ինչով է աչքի ընկել պետական կառավարման համակարգում աշխատելու տարիներին:
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ և Պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վերջին պաշտոնից ազատվել էր հուլիսի 17-ին՝ վարչապետի որոշմամբ։
46-ամյա գործիչն ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը:
Աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ. աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 5 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի բաժնում, հետո եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի կոմերցիոն բաժնի ղեկավար, իսկ ավելի ուշ՝ մինչև 2018֊ի հեղափոխությունը, տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։
1997թ.-ից եղել է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ:
Քաղաքական կարիերան սկսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ իշխանության գալուց հետո: 2018-2020 թվականներին զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 2020-2021 թվականներին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։ 2021 թվականից մինչև 2025 թվականի հուլիսը ղեկավարել է Պետական վերահսկողական ծառայությունը:
2024-ին «Հետք» պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել 2021-ին «Արմենիա» ԲԿ-ում ՊՎԾ-ի իրականացրած ստուգումների մասին: Պարբերականը, մասնավորապես, գրել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնը միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից, սակայն այդ թվերը ՊՎԾ զեկույցում չէին ներառվել, քանի որ բժշկական կենտրոնի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ Առողջապահության նախարարությունում և ՊՎԾ-ում:
Այս հրապարակումների և քննադատությունների ֆոնին՝ Պետրոսյանը հերքել էր իրեն վերագրվող չարաշահումների մասին լուրերը, և դատական հայց ներկայացրել «Հետք» լրատվամիջոցի դեմ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում՝ զրպարտության համար: Նա որոշ ԶԼՄ-ների մեղադրել էր «զրպարտություն տարածելու» համար՝ ընդգծելով, որ այդ հրապարակումները պատվերով են իրականացվում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նրա նշանակումը, ըստ պաշտոնական հայտարարության, նպատակ ունի ապահովել կազմակերպչական կայունություն և ժամանակավոր կառավարման արդյունավետություն. նրան վերապահված է նաև գույքագրում իրականացնելու, ընթացիկ խնդիրները վեր հանելու և համակարգային բարելավման ճանապարհային քարտեզ մշակելու առաքելություն։
Պետրոսյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և վերջին տարիներին ընդգրկված է եղել կուսակցության վարչական և կառավարման համակարգերում։