
Երկու տասնյակից ավելի երկրների արտգործնախարարներ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայում
25 երկրի արտգործնախարար և հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Աջա Լաբիբը կոչ են արել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը. հայտարարույունը տարածել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք՝ ստորագրողներս, միավորվում ենք պարզ և հրատապ կոչով. պատերազմը Գազայում պետք է անհապաղ ավարտվի», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարության մարդասիրական օգնության տրամադրման մոդելը վտանգավոր է և նպաստում է անկայունության առաջացմանը՝ զրկելով Գազայի ժողովրդին մարդկային արժանապատվությունից։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ վերացնել մարդասիրական օգնության սահմանափակումները և անհապաղ թույլ տալ ՄԱԿ-ին և մարդասիրական ոչ կառավարական կազմակերպություններին անվտանգ և արդյունավետ կերպով կատարել իրենց կյանք փրկող աշխատանքը», – նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթուղթը ստորագրել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Էստոնիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, նաև ԵՄ վերոնշյալ հանձնակատարը։