
Միացյալ Նահանգները պատրաստվում է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից
ԱՄՆ պետական դեպարտամենտը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը միջազգային կազմակերպությունից դուրս գալու որոշման մասին. հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք տեղեկացրել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին Միացյալ Նահանգների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու որոշման մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, միջազգային կազմակերպությունը առաջնորդվում է «գլոբալիստական և գաղափարախոսական օրակարգով», որը հակասում է Թրամփի վարչակազմի «Ամերիկան առաջինը» քաղաքականությանը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Պաղեստինի ճանաչումը որպես կազմակերպության անդամ պետություն խիստ խնդրահարույց է, հակասում է ԱՄՆ քաղաքականությանը և նպաստում է կազմակերպության ներսում հակաիսրայելական հռետորաբանության շարունակական տարածմանը», – ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները կդադարի լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ 2026 թվականի դեկտեմբերի 31-ից։