
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները
Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են անցկացրել Թբիլիսիում. հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմամբ և հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։
«Մենք միշտ նշել ենք և կրկին ցանկանում ենք ընդգծել, որ Վրաստանը շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության ապահովմամբ և անընդհատ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ», – ասել է նա։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, նաև տարածաշրջանային վերջին զարգացումները: Բոչորիշվիլի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այժմ ունեն «ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային նշանակություն»:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ: