
Միջանցք չի լինելու, բացառված է․ ABC media-ն զրուցել է Մեղրիի համայնքապետի հետ
Փակ սահմաններ ունեցող պետությունը չի կարող զարգանալ․ ABC media-ի հետ զրույցում ասել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։
«Բոլոր նորմալ երկրներն աշխատում են բացել իրենց սահմանները։ Մեղրեցիներն էլ են կողմ ճանապարհների բացմանը միայն միակողմանի չլինի, երկկողմանի լինի, և ինչպես աշխատում ենք հարևան Վրաստանի հետ, նույն պայմաններով աշխատենք Նախիջևանի մաքսատան հետ՝ Մեղրի-Նախիջևան- Երևան․ այդ գիծում մաքսատունը տեղադրվի և աշխատանքները կատարվեն օրենքի սահմաններում»,- ասել է համայնքապետը։
Պատասխանելով հարցին, թե սահմանը բացելու դեպքում ադրբեջանցիների հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ են, համայնքապետը հիշեցրել է՝ հիմա էլ են թուրքական ապրանքներ ներկրվում, մեր ապրանքներն էլ արտահանվում են Թուրքիա։
«Թշնամուն չի կարելի վստահել։ Պարզապես այս ճանապարհը և՛ իրենց է ձեռնտու, և՛ մեզ»,-ասել է նա։
Կլինի՞ արդյոք միջանցք հարցին՝ Անդրեասյանը կտրուկ է արձագանքել՝ միջանցքի Մեղրիով անցնելու հարցը բացառված է. «Միջանցք չի լինելու, որովհետև այդպես է ուզում ամբողջ հայ ժողովուրդը, և այս մասին ասում է Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ելույթներում՝ ամեն անգամ շեշտելով, որ միջանցք չի լինելու»։
Անդրադառնալով ճանապարհի վերահսկողությունը երրորդ երկրին արտապատվիրակելուն տարբերակին՝ համայնքապետը նշում է, որ ՀՀ ազգային անվտանգության ուժերը ի վիճակի են վերահսկել և երրորդ երկրի անհրաժեշտություն չկա։