26 Հուլ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը կոչ է անում Փարիզին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին

Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը կոչ է անում Փարիզին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին

Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու հարցում. փոխանցում է «Արմենպրես»-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը: 

Բանաձևում ընդգծվում է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։ 

Բանաձևում ընդգծվում է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման պահանջը՝ շեշտելով, որ վերջիններիս նկատմամբ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարություններն Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման և Հայաստանի գոյությունը ժխտող ադրբեջանական համակարգված քաղաքականության շարունակությունն են:  

Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ֆրանսիացի խորհրդարանականների ներկայացրած բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ է անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է վերջնականացնել և մոտ ժամկետներում Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ԵՄ-ից պահանջում է մեծացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցություն ծավալները:

Ռազմագերիներ