
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. Հիքմեթ Հաջիև
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու: Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Ահա թե ինչի համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը», – նշել է Հաջիևը։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները Բաքվում ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման համար, եթե կողմերը հետաքրքրված լինեն դրանով։
«Եթե մեր գործընկերները ցանկանում են հանդիպել Բաքվում, մենք շատ ուրախ կլինենք տեսնել նրանց։ Բաքուն արդեն իսկ ամբողջ Կասպյան տարածաշրջանի դիվանագիտական մայրաքաղաքն է. այստեղ են անցկացվել բանակցություններ Թուրքիայի և Իսրայելի միջև, Բաքվում բանակցություններ են անցկացրել նաև Սիրիան և Իսրայելը։ Ավելի վաղ այստեղ անցկացվել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ ռազմավարական բանակցություններ, նաև Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններ։ Վերջերս Բաքվում անցկացվել են բազմաթիվ այլ դիվանագիտական միջոցառումներ։ Մենք ուրախ ենք տեսնել բոլորին, բայց չենք կարող ոչ մեկին ստիպել։ Նրանք պետք է իրենք կապվեն մեզ հետ», – ասել է Հաջիևը։
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ Հաջիևը պահանջել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն վերցնի AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման միջադեպի համար։
«Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում այս լարվածությունը ծագել է հենց AZAL-ի ինքնաթիռի կործանման պատճառով», – ընդգծել է Հաջիևը՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ-ի տարածքում և օդային սահմաններում, և «տեղի ունեցածը գաղտնիք չէ»:
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ որպես հարևան և գործընկեր երկիր, Բաքուն ակնկալում է, որ Ռուսաստանը ոչ միայն կճանաչի միջադեպի պատասխանատվությունը, այլ նաև կներդնի բոլոր ջանքերը արդարությունը վերականգնելու ուղղությամբ:
Դեպքի մանրամասները, նաև ռուսական կողմի հնարավոր արձագանքը դեռ հայտնի չեն։