
«Զանգեզուրի միջանցքն» ԱՄՆ վարձակալությա՞ն տակ, և ինչպե՞ս է Իրանն արձագանքում դրան. The Cradle
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հուլիսի 27-ին զգուշացրել է, որ առաջարկվող «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական ծրագիր է, որը «հետապնդվում է որպես ավելի լայն նախագծերի քողարկում», որոնք գլխավորում են ԱՄՆ-ն, Իսրայելը, ՆԱՏՕ-ն և պանթյուրքիստական շարժումները՝ նպատակ ունենալով խաթարել Իրանի ազգային անվտանգությունը. գրել է The Cradle.co պարբերականը։
Ինչպես նշվել է, Թեհրանում կայացած արարողության ժամանակ Վելայաթին ընդգծել է, որ միջանցքի իրական նպատակն է «թուլացնել Դիմադրության առանցքը, խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել Իրանի և Ռուսաստանի վրա տարածաշրջանի հարավում»։ «Իրանի ազգային անվտանգությունը մեր կարմիր գիծն է», – հայտարարել է նա՝ հավելելով, որ Թեհրանն արդեն ուժեր է տեղակայել իր սահմաններին և որդեգրել է «ակտիվ կանխարգելման, այլ ոչ թե՝ պասիվ արձագանքի» քաղաքականություն՝ այդ սպառնալիքներին դիմակայելու համար։
Վելայաթին ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերը ոչ միայն տնտեսական են, այլև՝ «իրականում անջատողական», որոնք նախատեսված են Իրանի ռազմավարական խորությունը խզելու համար։ The Crale.co-ն հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն ի հայտ է եկել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո՝ որպես Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի մաս։ Բաքուն համաձայնագիրը մեկնաբանում է որպես կանաչ լույս՝ իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավով անցնող անվտանգ և անխափան միջանցքի համար, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր երթուղիները պետք է մնան Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո։ Օրերս Periodista Digital-ի կողմից ձեռք բերված գաղտնի հուշագիրը բացահայտել է վիճահարույց համաձայնագիր, որը 99 տարով կդներ Հայաստանի «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ վերահսկողության տակ՝ գործնականում հանձնելով ազգային կարևոր տարածքները ԱՄՆ մասնավոր ռազմական ընկերություններին և նպաստելով Ադրբեջանի անարգել մուտքին Նախիջևան և Թուրքիա։ Իսպանական թերթի հաղորդմամբ՝ ««Թրամփ կամուրջ» տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր» վերնագրով փաստաթուղթը, ըստ տեղեկությունների, հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից։ Չնայած համաձայնագիրը հաստատում է Սյունիքի մարզի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը, միջանցքն ինքնին կշահագործվի և կպաշտպանվի լիցենզավորված ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության (PMC) կողմից, որը, ինչպես սպասվում է, կտեղակայի մոտ 1000 անձնակազմ։
PMC-ն լիազորված կլինի ուժ կիրառել «միջանցքի ամբողջականությունը պահպանելու» համար, ինչն, ըստ էության, այն կդնի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հաղորդագրության համաձայն՝ միջանցքի ռազմականացումն ԱՄՆ-ի լիազորված ուժերի կողմից նաև արտացոլում է ավելի լայն ռազմավարական նպատակներ՝ Իրանի սահմանին ԱՄՆ մշտական հենակետ հաստատելով։ ԱՄՆ-ի հետ դաշնակից ուժերի ներկայությունը հայ-իրանական սահմանին նշանավորում է աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժ։ Հուշագիրը վրդովմունք է առաջացրել որոշ հայերի և հայկական սփյուռքի անդամների շրջանում, որոնցից շատերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պայմաններին համաձայնությունը անվանել են ազգային դավաճանություն։ Հունիսին Իրանի հետ չհրահրված պատերազմի ժամանակ, ըստ տեղեկությունների, Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Ադրբեջանի օդային տարածքից՝ ենթադրաբար, Բաքվի թույլտվությամբ։
Ադրբեջանը նաև երկար ժամանակ եղել է Իսրայելի Մոսադի կենտրոնը, միաժամանակ Թուրքիայի միջոցով Իսրայելին նավթ մատակարարելով՝ Գազայում պաղեստինցիների նկատմամբ շարունակվող ցեղասպանությունն իրականացնելու համար։ Այս տարվա սկզբին Իսրայելի Բեգին-Սադաթ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը նկատել էր, որ Ադրբեջանը վաղուց հայտնի է որպես Իսրայելի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության «սյուներից» մեկը և Իսրայելի հետախուզական գործողությունների բազա։ Կենտրոնը նշել է, որ 2012 թվականին Լոնդոնի «Թայմս» թերթը հաղորդել է, որ տասնյակ իսրայելական հետախուզական գործակալներ ակտիվ են Ադրբեջանում՝ հղում անելով Մոսադի գործակալի։


