
Թուրքիան ծրագրում է օգոստոսի 2-ին սկսել ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա
Թուրքիայի միջոցով Սիրիային բնական գազի մատակարարումները կարող են սկսվել օգոստոսի 2-ին․ ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական գազը կմատակարարվի Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Քիլիս նահանգով։ Հուլիսի սկզբին Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավարը Վիեննայում կայացած ՕՊԵԿ–ի իններորդ սեմինարում հայտարարել է, որ Թուրքիան իր գազային ցանցը միացրել է սիրիականին:
Մայիսին Դամասկոս կատարած այցի ժամանակ Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիային տարեկան կմատակարարի 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ 1000 ՄՎտ էլեկտրաէներգիայի հետ մեկտեղ։ Սիրիայում Ահմեդ ալ–Շարաայի իշխանության գալուց հետո Թուրքիայի նախագահը բազմիցս աջակցություն է հայտնել նոր կառավարությանը և վստահեցրել, որ Անկարան կօգնի Դամասկոսին՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում: Թուրքիան նաև պատրաստակամություն է հայտնել օգնելու Սիրիային՝ր պաշտպանական կարողություններն ամրապնդելու և ահաբեկչության դեմ պայքարի հարցում: