
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին
Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների հետ վերջին տեսակցությունը և նրանց վերջին կապն ընտանիքների հետ կազմակերպվել է այս տարվա հունիսին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Թե հաջորդ այցը երբ կլինի, հայտնի չէ։
«Այս պահին դեռևս չկա որևէ հաստատում հերթական այցի առնչությամբ՝ Ադրբեջանի Կարմիր խաչի գրասենյակի հետագա գործունեության խնդիրների հետ կապված», – ասաց նա։
Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ մտադիր է փակել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը` Ամատունին հայտնեց, որ այն դեռևս չի փակվել, բայց գտնվում է փակման շեմին։ Նա հավելեց` Կարմիր խաչը հումանիտար հարցերի շուրջ բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ Ադրբեջանում կալանավորված անձանց այցելությունների հարցերով։