07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պահանջում ենք ՀՀ իշխանությունից անհապաղ դադարեցնել եկեղեցական կյանքի «բարոյական գրաքննությունը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Պահանջում ենք ՀՀ իշխանությունից անհապաղ դադարեցնել եկեղեցական կյանքի «բարոյական գրաքննությունը». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «եկեղեցին հոգևորականությունից պաշտպանելու» վերաբերյալ հայտարարությունը.

«Սա ոչ թե բարոյականության մասին խոսք է, այլ պետության կողմից հավատքը «չափելու» և եկեղեցու ներքին կյանքը վերահսկելու բացահայտ կամայական փորձ։ Ցավոք, Ալեքսանյանի մեկ նախադասությունը ոմանց մտածողության հայելին է՝ պետությունը դրվում է եկեղեցուց վեր, իսկ կուսակցական գործիչն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ո՞վ է «ճիշտ» կամ «սխալ» քահանա։ Կանոնականը փոխարինվում է կուսակցականով, եկեղեցական կարգապահության հարցերը ներկայացվում են որպես վարչական-քաղաքական խնդիրներ։

Խոսքի ազատությունը ենթարկվում է լոյալության թեստի. հոգևորականը կամ Սփյուռքի համայնքային ներկայացուցիչը, եթե համակարծիք  չէ իշխանությանը, հայտարարվում է «սխալ» և ենթակա է ճնշման։ Սրբավայրը դիտարկվում է որպես ճնշման լծակ. սրբավայրի հարևանությամբ «հավաք» հայտարարելը համարվում է օրինական ազդեցության միջոց՝ անկախ հնարավոր ռիսկերից։ Այս մտածողությունը վտանգավոր նախադեպ է. այն խաթարում է Սահմանադրությամբ ամրագրված պետություն-եկեղեցի տարանջատումը, հրահրում է բևեռացում և բարձրացնում սադրանքների ռիսկը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է.

ՀՀ իշխանությունից՝ անհապաղ դադարեցնել եկեղեցական կյանքի «բարոյական գրաքննությունը» և հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը՝ առանց ներգրավվելու առաջնորդության կամ կարգապահության հարցերում։

Իրավապահ մարմիններից՝ երաշխավորել, որ սրբավայրերի հարևանությամբ որևէ հավաք չվերածվի ճնշման կամ ներխուժման փորձի, և կանխել ցանկացած սադրանք։ Հայոց Եկեղեցին ինքն է կարգավորում իր ներքին կյանքը՝ համաձայն իր կանոնների և պատասխանատվության։ Պետական իշխանության պարտականությունը պարզ է՝ մնալ չեզոք և օրենքի շրջանակներում ապահովել բոլորի անվտանգությունն ու ազատությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ