
Այս շաբաթվա սկզբին բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև. Ռուբիո
ԱՄՆ պաշտոնյաները այս շաբաթվա սկզբին բանակցություններ են անցկացրել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն առաջընթաց չեն նկատել. Fox News Radio-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Այս բանակցությունների մասին նախկինում չէր հաղորդվել։ Կողմերը բանակցել են Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ:
Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները մի քանի օր առաջ կարևոր բանակցություններ են վարել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ. Ռուբիոյի խոսքով՝ ամերիկյան կողմը հույս ուներ որոշակի փոխըմբռնման հասնել հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Բանակցությունները, սակայն, ապարդյուն են եղել:
«Ինչ-որ պահի Թրամփը ստիպված կլինի որոշում կայացնել, թե որքան ժամանակ շարունակել հրադադարի շուրջ բանակցությունները, եթե կողմերից մեկը հետաքրքրված չէ դրանով», – նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահն ունի պատերազմի դադարեցմանը հասնելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ ռուսական նավթի վաճառքի նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառումը և բանկային համակարգի դեմ ոլորտային պատժամիջոցները։
«Առաջ շարժվելու լավագույն ճանապարհը հրադադարն ու բանակցություններն են, սակայն այս պահին մենք ռուսական կողմից անկեղծ ցանկություն չենք տեսնում՝ այս նպատակին հասնելու համար։ Մենք կշարունակենք պատրաստ լինել մասնակցել նման բանի, եթե նման հնարավորություն ստեղծվի։ Միևնույն ժամանակ պարզ է, որ նախագահը հավերժ չի սպասելու», – եզրափակեց Ռուբիոն։