
Քաղցկեղի կրկնման վտանգի առջև, պարալիզացված, բայց բանտում․ առողջական խնդիրը հիմք չէ անազատության որոշման փոփոխության համար
Առողջական խնդիրներ ունենալն անգամ հիմք չի հանդիսանում անազատության որոշման փոփոխության: Երիտասարդ ակտիվիստ Աղվան Արշակյանը, ով կալանավորվել է «Սրբազան պայքար» շարժման շրջանակներում, արդեն երկար ժամանակ է անազատության մեջ է, սակայն պարզվում է առողջական լուրջ խնդիրը խափանման միջոցի փոփոխության, առավել ևս ազատ արձակման հիմք չի կարող հանդիսանալ: Երկու տարի առաջ հաղթահարել է քաղցկեղը, այժմ կանգնած է քաղցկեղի կրկնման վտանգի առջև:
Աղվանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի խոսքով դիմել են թե՛ Մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ Դատախազություն. ՄԻՊ-ը այցելել է Աղվանին և համոզվել, որ տղան ծանր վիճակում է․ անշարժացած են ձախ ոտքն ու ձեռքը, չի կարողանում ամենահասարակ գործողությունները կատարել ինքնուրույն,հագնվել օգնում են խցակիցները:
«Արդեն տաս օր է ինչ դատախազությունից արձագանք չկա, իսկ ՄԻՊ-ի այցելությունից բացի այլ քայլեր չեն եղել: Մենք չենք կարող սպասել, թե ՄԻՊ-ը ինչ կանի, քանի որ օր օրի վիճակը վատթարանում է: Դիմել ենք Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան՝ որոշումը վերանայելու և ՄՌՏ հետազություն նշանակելու: Դատավորը հենց կալանքի կիրառման օրն է դատաբժշկական փորձաքննություն նշանակել,սակայն մինչ օրս քննություն չի իրականացվել »,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը:
Աղվանի մայրը հազիվ է զսպում հուզմունքը. տղային հատուկ խնամք է պետք,հատուկ սննդակարգ,մաքուր օդ, իսկ կալանավայրում այս ամենը պատկերացնելն անգամ անիրատեսական է:
«Ես աշխատում եմ իրեն չբարկացնել․ նյարդայնանալ, հուզվել չի կարելի:Հատուկ խնամք է պետք, կարմիր միս չպետք է ուտի, հատուկ սննդակարգի թերթիկ ունի: Ամեն օր զանգում է, ինձ հույս է տալիս, որ ամեն ինչ լավ է: Վերջին անգամ որ տեսակցել եմ ոտքն ու ձեռքը պարալիզացված էին, հիվանդությունից հետո հազիվ վերականգնվում էր»,- ասում է Աղվանի մայրը:
Պաշտպանի խոսքով մի քանի քաղբանտարկյալների խափանման միջոցը հնարավոր է եղել վերանայել: Օրերս ազատ արձակվեց Հրայր սարկավագ Հակոբյանը. խափանման միջոցը փոխարինվեց վարչական վերահսկողության, իսկ Աղվանի դեպքում դատարանը դեռ հրաժարվում է տարբերակների դիտարկումից։ Չնայած,որ տղայի միակ խնամակալն ու ընտանիքի անդամը մայրն է, այս հանգամանքը ևս չի ազդում դատական վճռի վրա, ինչը փաստաբանի որակմամբ իրավունքների խախտում է: