
Լոգիստիկ խնդիրները բազմաշերտ բացասական հետևանքներ ունեն արտաքին առևտրաշրջանառության համար․ տնտեսագետ
Բազմաշերտ բացասական հետևանքներ ունեն լոգիստիկ խնդիրները մեր արտաքին առևտրաշրջանառության համար։ Ցավոք սրտի այդ խնդիրները ոչ թե ավելի արագ լուծվում են, այլ շատանում․ անդրադառնալով՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակին․ ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Տնտեսական անվտանգության լուրջ հիմնախնդիր է ստեղծում Լարսի կուտակումը, որովհետև այն մեր հիմնական արտահանման և ներմուծման ուղղությունն է, և մենք այդտեղ այլընտրանքներ չունենք, երբ հաճախակի և պարբերական փակվում է այդ ճանապարհը կամ թողունակությունը էապես նվազում է։ Դա տնտեսական անվտանգության խնդիրների է հանգեցնում, որը արտահայտվում է պարբերական թռիչքային գնաճերով տարբեր ապրանքատեսակների համար, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների, մասնավորապես՝ հեղուկ գազի։ Արագ փչացող հատկապես գյուղմթերքի մասով առաջանում են լուրջ խնդիրներ և՛ արտահանողների, և՛ գյուղացիների համար»,-ասել է պատգամավորը։
Ավետիսյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում խնդիր կար ծիրանի և ծաղիկի արտահանման համար, դրանից առաջ կոնյակի արտահանման համար։
«Ի՞նչ է արել այս յոթ տարվա ընթացքում այս իշխանությունը, որ այդ հարցերը կարգավորեն։ Ըստ էության, եթե ինչ-որ բան էլ արել են, այդ խնդիրները շատացրել են։ Հիմա տեխնիկական բնույթի խնդիրներից բացի նաև կա աշխարհաքաղաքական գործոն։ Առաջին անգամ արտահանողները խնդիր են ունենում Վրաստանի տարածքում դրանք տարածելու համար։ Այսինքն, և՛ աշխարհագրական խնդիրներն են ընդլայնվել, և՛ խնդիրների հետևանքներն էլ փաստացի կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման հիմնական ուղղությունը և, կարելի է ասել, ողնաշարը մեր արտահանությունն է՝ հատկապես ռուսական շուկա։