
Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները
Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները․ տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում։
«Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից վստահեցրել են, որ վերահաստատում են իրենց պարտավորվածությունը` հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:
«Լիդիան Արմենիայից» հավաստիացնում են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա տնտեսական զարգացման և հատկապես Ամուլսարի շրջակա համայնքների համար:
«Մասնավորապես, ոսկու ներկայիս միջազգային շուկայական գների պայմաններում, շահագործման ընթացքում ընկերությունը նախատեսում է վճարել տարեկան 100–120 մլն ԱՄՆ դոլարի հարկեր և ռոյալթիներ: Ստեղծվելու է 1000 ուղղակի և մոտ 5000 անուղղակի աշխատատեղ, ՀՆԱ–ն, ըստ կանխատեսումների, աճելու է լրացուցիչ 1 %–ով»,– նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: