
Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ Կարապետյանի և Լիլիթ Կարապետյանի բնակարանների խուզարկությունները
Դատարանն ապօրինի է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի և նրա քրոջ` Լիլիթ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունները․ Sputnik Armenia-ին տեղեկացրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են»,– նշեց փաստաբանը:
Նրա խոսքով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։
«Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,–ասաց Ֆերոյանը։