
Անկարան և Վաշինգտոնը դարձել են Հարավային Կովկասի հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները․ միջազգային մամուլի ամփոփում
Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ-ում կնքված խաղաղության համաձայնագիրը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։ Մեկնաբանները նշում են Դոնալդ Թրամփի ակտիվ դերը բանակցություններում՝ ընդգծելով Ռուսաստանի թուլացող դերը կարգավորման գործընթացում։
Deutsche Welle-ն նշել է, որ Ալիևը և Փաշինյանը գրեթե միաժամանակ հրաժարվել են հաշվի առնել Ռուսաստանում գտնվող ադրբեջանական և հայկական սփյուռքի սոցիալական, քաղաքական և տնտեսական ազդեցությունն իրենց երկրներում։ Նախկինում սա հիմնական գործոն էր, որը հաճախ ստիպում էր երկու երկրներին վերանայել Մոսկվայի դիրքորոշումները։
Փաշինյանի դեպքում՝ սա հատկապես ակնհայտ է։ Դրա օրինակ է նրա կոշտ դիմակայությունը Ռուսաստանում կարողություն կուտակած գործարար Սամվել Կարապետյանի հետ։
Էսկալացիան գործնականում անդառնալի կդառնա, եթե Հայաստանի վարչապետը շարունակի ռուսական բանակը և հատուկ ծառայությունները Հայաստանից դուրս մղելու քաղաքականությունը։
Ըստ գործակալության՝ նույնիսկ եթե Ուկրաինայի դեմ պատերազմը լիակատար ավարտվի, Մոսկվան չի կարողանա վերականգնել իր նախկին դիրքերը Հարավային Կովկասում։ Անցած շաբաթվա իրադարձություններից հետո Անկարան և, ավելի փոքր չափով, Վաշինգտոնը դարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները։ Նրանք ակտիվորեն կազդեն նրա ապագայի վրա, այլ ոչ թե՝ Պուտինը։
The Washington Post -ը գրել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հանդիպումը, որը տեղի ունեցավ Սպիտակ տանը, այլ ոչ թե Կրեմլում, տեսանելի հանդիմանություն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընդգծվել է, որ Թրամփը լայնորեն օգտագործել է հեռախոսազանգերը և անձամբ ճնշում է գործադրել առաջնորդների վրա՝ հակամարտությունները լուծելու համար, բացահայտ քննարկելով Նոբելյան
խաղաղության մրցանակ շահելու իր ցանկությունը։
Daily Sabah-ի անդրադարձում ընդգծվել է, որ Վաշինգտոնի հանկարծակի ի հայտ գալը տարածաշրջանում երկարատև անգործությունից հետո ուղղակիորեն կապված է նրա ներքին և արտաքին քաղաքականության դինամիկայի հետ։ Հեգեմոնի հետաքրքրությունը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ միշտ չէ, որ այնքան բարեհաճ և խաղաղասիրական է, որքան հաճախ ներկայացվում է։
ԱՄՆ-ի՝ որպես Կովկասում խաղաղարարի հանկարծակի դիրքավորման առաջին պատճառը Թրամփի ցանկությունն է՝ ամրապնդելու իր կերպարը որպես «պատերազմներին վերջ դնող նախագահի», ինչը նրա ընտրարշավի հիմնական տարրն էր։ Երկրորդ պատճառը աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությունն է։ Թրամփը ձգտում է ԱՄՆ-ին դնել այնպիսի պայմաններում, որոնք կնպաստեն Ռուսաստանի դարավոր ազդեցության թուլացմանը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, այս հարցը կարևոր է նաև իր ավանդական մրցակցի՝ Չինաստանի հետ մրցակցության համատեքստում։
The Guardian-ը նկատել է, որ Ռուսաստանը, որը դեռևս ռազմական բազա ունի Հայաստանում, կարծես թե անկարող է դիմադրել Թրամփի նախաձեռնությանը, մասամբ այն պատճառով, որ այն մտահոգված է Ուկրաինայի իրավիճակով։