
Գերմանիայի կառավարությունը կոչ է արել Երևանին և Բաքվին արագ կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները
Գերմանիայի կառավարությունը կողմ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից համաձայնեցված քայլերի հնարավորինս արագ իրականացմանը․ հայտարարել է Գերմանիայի կաբինետի փոխխոսնակ Շտեֆեն Մայերը։
«Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում հակամարտության դադարեցման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այժմ կարևոր է արագորեն իրականացնել համաձայնեցված քայլերը։ Նպատակը պետք է լինի համապարփակ խաղաղությունը, որը կծառայի անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում համագործակցությանը և խաղաղ զարգացմանը։ Գերմանիան և ԵՄ-ն կշարունակեն նպաստել դրան», – Գերմանիայի կաբինետի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մայերը։