
Բաքուն Երևանից Սահմանադրության փոփոխություն է ակնկալում խաղաղության համաձայնագրի վավերացման համար. Ամիրբեկով
Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը փոփոխություններ կկատարի հիմնական օրենքի մեջ՝ վերացնելու Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը
«Փաստաթղթում պարունակվող դրույթը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ճանաչում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։
Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», – նշել է նա։
Էլչին Ամիրբեկովը նաև ուշադրություն է հրավիրել հռչակագրի մեկ այլ կետի՝ երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման պարտավորությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև «անխոչընդոտ» հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության վրա։