
Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է «Զանգեզուրի միջանցքի» փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ». Օսկանյան
Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և առանց նույնիսկ տարրական իրավունքի ստուգելու, թե ինչ է անցնում, դուք զիջում եք ձեր ինքնիշխանությունը։ Ոչ մի քաղաքական հնարք չի կարող փոխել այս իրականությունը։ Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով։ Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է։
Հայտարարությունները, թե «Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուզում էր» և թե «սա չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը», վիրավորանք են հայ ժողովրդի բանականությանը։ Պետականության ոչ մի լուրջ ընկալման մեջ հնարավոր չէ, որ օտար երկրին՝ նրա պայմաններով, տրվի անխոչընդոտ անցում քո տարածքով և դա համարվի ինքնիշխանության պահպանում։
Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք, խրված Սյունիքի սրտում։ Դա խորը վերք է, կտրած Հայաստանի մարմնի մեջ»,-գրել է նա: