14 Օգս
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս կարձագանքի Իրանը Հարավային Կովկասում «Թրամփի երթուղուն»․ DW

Ինչպե՞ս կարձագանքի Իրանը Հարավային Կովկասում «Թրամփի երթուղուն»․ DW

ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության հռչակագիրը խառը արձագանքներ է ստացել Իրանում։ Երկիրը ողջունել է երկու նախկին խորհրդային պետությունների միջև խաղաղությունը, բայց նաև դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի ազդեցության աճին իր հարևանությամբ․ գրել է Deutsche Welle-ն։

Ինչպես նշվել է, Ադրբեջանը դարձել է նավթի և գազի խոշոր արտադրող, և «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կապահովի ավելի ուղիղ առևտրային կապ Թուրքիայի և այնուհետև՝ Եվրոպայի հետ։ Իրանի համար, որը նույնպես խոշոր էներգետիկ տերություն է, սա ծանր հարված կլինի։ Բացի այդ՝ Իրանը բավականին սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ և զգայուն է այն քայլերի նկատմամբ, որոնք կարող են սահմանափակել տարածաշրջանում իր նվազող ազդեցությունը։

Օգոստոսի 9-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը «թույլ չի տա ստեղծել այս միջանցքը», քանի որ ԱՄՆ ներկայությունը Հարավային Կովկասում սպառնալիք է ներկայացնում իրանական շահերի համար։ Սակայն, մեկ օր անց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արագորեն հերքել է այս գնահատականը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա հայտարարել է, թե խաղաղության ծրագիրը «հաշվի է առնում նաև Իրանի տեսակետները»։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին DW-ի հետ զրույցում նշել է, որ միջանցքը շատ ավելին է, քան պարզապես տարանցիկ նախագիծ։
«Հիմնական խնդիրը Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմավարական մրցակցությունն է», – նշել է նա։

Սոլեմանին հավելել է, որ Արևմուտքը, և մասնավորապես ԱՄՆ-ն, փորձում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և օգտվել իշխանության վակուումից, որն առաջացել է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի խճճվելու պատճառով։

ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի Իրանի հարցերով փորձագետ Շիրին Հանթերն իրանական «Թաբնակ» լրատվական կայքի հետ զրույցում նշել է, որ չի կարծում, որ Ռուսաստանը կարող է «վերադարձնել» իր նախկին գերիշխանությունը տարածաշրջանում, նույնիսկ եթե այն շարունակի մնալ կարևոր խաղացող։
«Հնարավոր է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այժմ ձգտում են համապարփակ համաձայնագրի Ուկրաինայի և Կովկասի վերաբերյալ», – նշել է նա։

Հանթերի խոսքով՝ Իրանը շրջանցող խողովակաշարերի և առևտրային ուղիների կառուցումը ԱՄՆ ռազմավարության մաս է կազմել 1990-ական թվականներից ի վեր։

«Թրամփը պարզապես արագացրել է այս գործընթացը և այժմ հասել է համաձայնագրի ստորագրմանը», – նշել է Շիրինը։
Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» էականորեն կնպաստի Իրանի աշխարհաքաղաքական մեկուսացմանը։
Գործակալությունն ընդգծել է, որ մինչ Իրանը դեռևս լավ հարաբերություններ է պահպանում քրիստոնեական ազդեցություն ունեցող Հայաստանի հետ , նրա հարաբերությունները մուսուլմանական մեծամասնությամբ Ադրբեջանի հետ լարված են։
«Թեհրանը փորձել է զսպել Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանում՝ ավելի սերտ կապեր հաստատելով Հայաստանի հետ», – DW-ին հայտնել է Գերմանիայի Լայպցիգի համալսարանի Իրանի հարցերով փորձագետ Ռեզա Թալեբին։
«Արդյունքում, սակայն, Ադրբեջանն այժմ ավելի սերտորեն է կապված Իսրայելի հետ », – հավելեց Թալեբին։

Իրանում մտահոգություն կա նաև Իրանից անջատվել ցանկացող անջատողական խմբավորումների և «Հարավային Ադրբեջանի» ձևավորման վերաբերյալ։

Բաքվում կան նաև ազգայնական շարժումներ, որոնք խոսում են «Մեծ Ադրբեջանի» մասին, որը կներառի իրանցի ադրբեջանցիներին։ Գերմանաբնակ փորձագետ Թալեբիի կարծիքով՝ Իրանի նախագահ Փեզեշքիանը փորձում է ճշգրտումներ կատարել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Կառավարության նպատակն է խուսափել նոր հակամարտությունից՝ Իրանի աճող մեկուսացման համատեքստում։
Շիրին Հանթերի պնդմամբ՝ քանի որ համաշխարհային և տարածաշրջանային դաշինքները փոխվում են, Իրանը պետք է արմատապես վերանայի իր ամբողջ արտաքին քաղաքականությունը և հարմարեցնի իր նպատակները փոփոխված իրականությանը։ Սա կներառի ԱՄՆ տարածաշրջանային ներկայության ընդունումը և Վաշինգտոնի հետ խնդիրների լուծումը։

Ռազմագերիներ