
Խաղաղության պայմանագրի 9-րդ կետը լեգիտիմացնում է գերիների դատավարությունը․ վերլուծաբան
Տարածված տեսանյութում բավական նկատելի էր, որ երբ Թրամփը հիշատակեց Բաքվում պահվող 23 քրիստոնյաների մասին, այդ հիշատակումը ակնհայտորեն որոշակի անակնկալի բերեց Նիկոլ Փաշինյանին․ ABC media-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Թրամփ հանդիպմանը։
«Ո՞րն էր այդ անակնկալի պատճառը, որը չափազանց ակնառու էր դեմքի արտահայտությամբ, շատ դժվար է ասել, բայց ակնհայտ էր, որ իրադարձությունների կամ այդ թեմայի շոշափումն այդ պահին, այդ տրամաբանության մեջ՝ Նիկոլ Փաշինյանը չէր սպասում։ Քննարկվե՞լ է ընդհանրապես թեման Վաշինգտոնյան գործընթացներում, մենք, իհարկե, չենք կարող կռահել, բայց փաստ է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում, նաև դրա ընթացքում նախաստորագրված այդ խաղաղության պայմանագրում,ու դրանից հետո հրապարակված տեքստում ոչ մի խոսք չկա գերիների և պատանդ պահվող անձանց մասին, բացառապես ոչ մի խոսք չկա, բայց և ոչ միայն դրա մասին խոսք չկա, այլև ընդհանրապես հումանիտար խնդիրների լուծման մասին որևէ բան չկա»,-ասել է Բադալյանը։
Մասնագետի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ չկա։
«Եթե իրավիճակը գնում է դեպի խաղաղություն, դեպի հարցի կարգավորում, դեպի, այսպես կոչված, պատմական համաձայնություններ և այլն, ինչո՞ւ այդ թեման որևէ փաստաթղթով արձանագրված չէ։ Ավելին՝ ոչ միայն այդ թեման որևէ փաստաթղթով արձանագրված չէ, այլ նաև բացի Թրամփի հիշատակած այդ փոքր դրվագից և Նիկոլ Փաշինյանի դեմքի անակնկալ փոփոխությունից, նաև բանավոր հայտարարություններում կարծես թե այլ անդրադարձ չի եղել»,-նկատել է փորձագետը։
Վերլուծաբանի կարծիքով՝ Խաղաղության պայմանագրի 9-րդ կետը առավել խնդրահարույց է։
«Խաղաղության պայմանագիր կոչված այդ փաստաթղթի հրապարակված տեքստում 9-րդ կետը վերաբերվում է, այսպես ասենք, ահաբեկության, անհանդուրժողությանը և այլնին։ Իբր կետը նվիրված է այդ ամենի դեմ պայքարին, նաև անհետ կորած անձանց, անձանց համար պատասխանատուներին բացահայտելու և այդ ամենի թեմայով արդարադատություն իրականացնելուն։ Այս կետի ձևակերպումն ամբողջությամբ տեղավորվում է այն պահանջների շրջանակում, որն Ադրբեջանը ներկայացնում է տարբեր քաղաքական հայտարարություններով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դեմ որպես մեղադրանք՝ Արցախյան առաջին պատերազմի համար։ Այս կետով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարություններ են ընթանում Բաքվում։ Այսինքն մենք ո՛չ միայն չենք տեսնում գերիների հարցի լուծման որևէ անդրադարձ, որևէ շոշափում և այլն, այլ խաղաղության պայմանագիր կոչված տեքստում կա հոդված, որը ըստ էության լեգիտիմացնում է Ադրբեջանի մեղադրանքները, սա իհարկե առնվազն տարօրինակ է, բայց տարօրինակ է այն դեպքում, երբ մենք դյուրահավատ կերպով վստահում ենք խաղաղության, պատմականության և այլնի վերաբերյալ հայտարարություններին»։