
Սերբիայում շարունակվում են բողոքի ակցիաները
Սերբիայում ցուցարարների և ոստիկանության միջև կրկին բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները հրկիզել են իշխող «Սերբիայի առաջադեմ կուսակցության» մի քանի գրասենյակ. հաղորդում է BBC-ն։
Վալևոյի ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ:
Ցուցարարները մեղադրում են ոստիկանական ուժերին բռնություն կիրառելու համար նաև մայրաքաղաք Բելգրադում և Նովի Սադում. Սերբիայի ներքին գործերի նախարարությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունները:
Հիշեցնենք՝ ցույցերը սկսվեցին Նովի Սադում անցյալ տարվա նոյեմբերին՝ երկաթուղային կայարանի փլուզումից հետո, երբ ցուցարարները սկսեցին պահանջել արտահերթ ընտրություններ և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը: Սկզբնապես բողոքի ակցիաները կրում էին խաղաղ բնույթ: