
Հայաստանն ու Իրանը հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել․ Փաշինյան
Երևանում, նախագահական նստավայրում, տեղի են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հանդիպումն ու բանակցությունները, որից հետո հանդես են եկել հայտարարություններով: Սա Փեզեշքյանի առաջին այցն է Հայաստան։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա և կարևորել է դրանք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Փաշինյանը շեշտել է Իրանի հստակ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման և հաղորդակցային ուղիների վերաբացման հարցերը։ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մանրամասները։
ՀՀ վարչապետի խոսքով՝ հաղորդակցային ուղիների վերաբացումը, մասնավորապես Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի գործարկումը, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի համար՝ ապահովելով երկաթուղային կապ նաև Սև ծովի ուղղությամբ։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանով անցնող բոլոր հաղորդակցային ուղիները լինելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո։